«Ի՞նչ եք ուզում գիտությունից». գիտնականները դեմ են խոշորացման ծրագրին

Գիտությունների ազգային ակադեմիայում թեժ քննարկում էր։ Գիտական ինստիտուտներին ու բուհերին կլաստերներով «Ակադեմիական քաղաք» տեղափոխելը զայրացրել է գիտնականներին։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի խոսքը կտրուկ էր՝ եթե գիտնականների կարծիքն անտեսվում է, ոլորտի պատասխանատուները չեն ցանականում խոսել իրենց հետ, ապա նրանք իրենց տեղում չեն։

«Դուք ձեր տեղում չեք, հրաժարական տվեք… անվստահություն հայտնել մերօրյա գիտական բնագավառի պատասխանատուներին և պահանջել նրանց հրաժարականը», – ասաց նա։

Կառավարությունը որոշել է «Ակադեմիական քաղաք» կառուցել Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ 6 կլաստեր, այսինքն՝ 6 ուղղություն է նախատեսված՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, դասական, բժշկական և սպայական։

Մեկ ամիս առաջ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը բուհերին ուղարկել էր խոշորացման և ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող աշխատանքային խմբերի կազմը։ Սա էլ հենց անհանգստության ալիք բարձրացրեց՝ աշխատանքային խմբերի բաժանումից պարզ դարձավ՝ որ բուհերն ու գիտական ինստիտուտներն են իրար միանալու։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ժողովի հենց սկզբից հայտարարեց՝ կրթության նախարարին ներկայացրել են տարբեր առաջարկներ, սակայն տպավորություն ունեն, որ վերևներում անգամ չեն ընթերցել դրանք։

«Ակադեմիան ներառված չէ նույնիսկ աշխատանքային խմբերում, հարցեր են եղել, որ ինչու ակադեմիան չկա, պատասխանել են, որ դա ակադեմիայի գործը չի», – ասաց նա։

Քննարկումը ժամանակավրեպ է, բայց գուցե դեռ ոչ ուշացած, գիտնականների մեծ մասն իր խոսքը հիմնականում հենց այսպես սկսեց։ Շատերի կարծիքով՝ կառավարության՝ բուհերի և ինստիտուտների խոշորացման ծրագիրը արկածախնդրություն է, որը մեծ հարված է հասցնելու գիտությանն էլ, կրթությանն էլ։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի կարծիքով՝ «բարեփոխման» նպատակը համակարգային քաոս ստեղծելն է։

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ մի կարճ հարց ուղղեց կառավարութանը. – «Ի՞նչ եք ուզում գիտությունից»։

Մելքոյանը թեև թերահավատ էր, որ այդ քաղաքը երբևէ կկառուցվի, սակայն ասաց՝ շատ շոշափելի են սպառնալիքները։ Կառավարությոնից արդեն տեղեկացրել են՝ 2027-ից չեն ֆինանսավորի խոշորացմանը ընդդիմացող ինստիտուտները։ Պատմաբանն անգամ Ստալինին հիշեց. – «Նման բան եղել է մեկ էլ 1929 թվականին, երբ որ Իոսիֆ Ստալինը գրեց մի այսպիսի հայտնի հոդված և խոսում էր այն մասին, որ միջակ գյուղացին ոգևորված մտնում է կոլտնտեսություն»։

Ակադեմիայի երեք հազար գիտաշխաող պետք է մեկ մարդու պես կանգնի և դեմ արտահայտվի կառավարության այս նախաձեռնությանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի կոչն էր իր գործընկերներին։

Շատերն էլ իրենց խոսքում ընդգծում էին՝ նախաձեռնությունը հիմնազուրկ է։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ավելի քան վստահ էր՝ սա քաղաքական որոշում է, իսկ դրա դեմ դիմակայել հնարավոր է, եթե ակադեմիան ի վերջո կրավորական դիրքից դուրս գա ու ակտիվ լինի. – «Իսկ քանի մենք գնում ենք քննարկումների՝ «Ակադեմիական քաղաքը» լավ գաղափար է, ինչպես իրենց միանանք, կամ համալսարանների հետ միացումներն ինչպես անենք, սա ծուղակ է, որը մենք մեր քայլով գնում ընկնում ենք։ Սա է պետք կազմակերպչին՝ գնալ, քննարկել դետալները, որոնք հետո կլղոզվեն, կմնա իրականությունը, իրականությունը կարող է լինի այն, որ ակադեմիան այս ֆորմատով այլևս չի լինի, ինստիտուտների կոլեկտիվները կկցվեն ինչ-որ համալսարանական շենքերի, և դրանով ամեն ինչ կվերջանա, և այլևս հետագայում ոչ մեկը կառավարության հրաժարական չի պահանջի»։

Չնայած բուհերի ու գիտական ինստիտուտների թերահավատությանը՝ պաշտոնյաները խոստանում են, որ ապագա «Ակադեմիական քաղաքում» միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր կլինեն, որակյալ ու մրցունակ կրթություն կառաջարկեն ապագա ուսանողներին։

Կառավարությունից որևէ պաշտոնյա այսօրվա քննարկմանը ներկա չէր։ Մոտ երեք ժամ թեժ ելույթներից հետո գիտնականները իրենց առաջարկների փաթեթը քվեարկության դրեցին ու հաստատեցին, որում, սակայն, հստակ դիրքորոշում չկար՝ արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան դեմ է «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելուն։



Source link

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *