Ի՞նչ է լինում, երբ օրգանիզմի «տագնապի կոճակը» չի անջատվում


Երիկամների վերին հատվածում տեղակայված ներզատիչ գեղձերի՝ մակերիկամների կողմից է արտադրվում այն հորմոնը, որը կարող ենք բնորոշել որպես օրգանիզմի ազդանշանային համակարգ։ Այդ հորմոնը կորտիզոլն է, որը նաև կոչում են սթրեսի հորմոն։ Այն աշխատում է գլխուղեղի որոշ հատվածների հետ՝ կարգավորելով մարդու տրամադրությունը, մոտիվացիան, վախերը և այլն։

Կորտիզոլը նաև կարևոր դեր ունի օրգանիզմի մի շարք գործառույթների իրականացման հարցում, օրինակ՝

  • կարգավորում է օրգանիզմի կողմից ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների օգտագործումը,
  • պայքարում է բորբոքման դեմ,
  • վերահսկում է զարկերակային ճնշումը,
  • բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը,
  • կարգավորում է քնի ու արթնության ցիկլը,
  • բարձրացնում է էներգիան, որպեսզի մարդը կարողանա հաղթահարել սթրեսը և այլն։

Ինչպե՞ս է աշխատում կորտիզոլը

Գլխուղեղի բաժիններից հիպոթալամուսն ու հիպոֆիզն են որոշում, թե արդյո՞ք արյան մեջ կա բավարար քանակությամբ կորտիզոլ, և եթե այդ հորմոնի մակարդակը շատ ցածր է լինում, սկսում են կարգավորել արտադրվող հորմոնների քանակը։
Կորտիզոլի ընկալիչները, որոնք առկա են օրգանիզմի բջիջների մեծամասնության կազմում, տարբեր կերպ են օգտագործում կորտիզոլը՝ կախված օրգանիզմի պահանջմունքներից։

Օրինակ՝ երբ մարմինը լրջորեն պատրաստվում է ինչ-որ իրադարձության, այսինքն բարձր պատրաստության վիճակում է գտնվում, կորտիզոլը կարող է փոփոխել կամ անջատել օրգանիզմի այն գործառույթները, որոնք կարող են տվյալ պահին խանգարել։ Այդ գործառույթների թվում են մարսողական կամ վերարտադրողական, իմունային գործառույթները, անգամ աճի գործընթացները։ Երբեմն ինչ-ինչ պատճառներով կորտիզոլի արտադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Այն բանից հետո, երբ սթրեսային, վտանգավոր իրավիճակը հաղթահարվում է, կորտիզոլի մակարդակը պետք է որ նվազի, կարգավորվի զարկերակային ճնշումը, և սիրտն ու օրգանիզմի մյուս համակարգերը շարունակեն իրենց նորմալ աշխատանքը։ Իսկ ի՞նչ է լինում, երբ դա տեղի չի ունենում․ մարդը գտնվում է մշտական սթրեսի մեջ և տագնապի կոճակը չի անջատվում։ Դա կարող է խաթարել օրգանիզմի ամենակարևոր գործառույթները՝ հանգեցնելով առողջական մի շարք խնդիրների, որոնց թվում են՝

  • տագնապն ու դեպրեսիան,
  • գլխացավերը,
  • սրտի հիվանդությունները,
  • հիշողության և ուշադրության հետ կապված խնդիրները,
  • մարսողական խնդրիրները,
  • քնի խանգարումները
  • քաշի ավելացումը և այլն։

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել կորտիզոլի՝ չափից դուրս բարձր կամ ցածր մակարդակները

Մակերիկամների կեղևում կորտիզոլի գերարտադրությունը բերում է Քուշինգի համախտանիշի զարգացման, որը դրսևորվում է քաշի արագ ավելացմամբ, մաշկի վրա կապտուկների առաջացմամբ, մկանային թուլությամբ, կարող է հանգեցնել դիաբետի ու առողջական այլ խնդիրների առաջացման։

Կորտիզոլի թերարտադրությունը հանգեցնում է մակերիկամային անբավարարության՝ Ադիսոնի հիվանդության զարգացման։ Հիվանդության ախտանշանները սովորաբար աստիճանաբար են ի հայտ գալիս․ կլինիկական պատկերը ներառում է ընդհանուր և մկանային թուլությունը, որը հիվանդության սկզբում ի հայտ է գալիս պարբերաբար՝ սթրեսների ժամանակ, և հանգստից հետո վերանում է, սակայն հիվանդության զարգացմանը զուգընթաց թուլությունը դառնում է մշտական։ Կարող են առաջանալ մաշկային փոփոխություններ, ինչպիսիք են սպիների, մաշկի ծալքերի մգացումն ու մաշկի բրոնզագույն երանգը, փորլուծություն, սրտխառնոց ու փսխում, ախորժակի ու քաշի կորուստ, զարկերակային ցածր ճնշում և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրից

Գլխավոր նկարը՝ Էնդրյու Ուայեթ, «Քրիստինայի աշխարհը», 1948 թ․ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:





Source link

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *